Միասին պատրաստելու ենք հնդկական համեղ ուտեստների շարքից մի համեղ կարի՝կաղամբով և աղացած մսով:
Kuthu curry
Այս անգամ պարտաստելու ենք աղացած մսով կարի: Կարին պատրաստելու ենք իմ լավ ընկեր Մարիի բաղադրատոմսով՝ ով մասնագիտությամբ դիզայներ է: Նա մի քանի տարի է ինչ ապրում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ամուսնացած է և ունի շատ աշխույժ մի տղա: Տղայի անունը Առյուծ է, ուժեղ անուն է, չէ՞:
Սոխ, սխտոր, կոկոս, կոճապղպեղ և չաման
Կաղամբ
Աղացած միս /ցանկացած տեսակի/
Սոխ
Համեմունքներ
Լոլիկ
Այս ճաշատեսակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.
0,5 կգ. աղացած միս,
400 գր. կաղամբ,
2 լոլիկ,
4 գլուխ սոխ,
4 պճեղ սխտոր,
կոճապղպեղ(ginger),
կոկոս,
2 ճ/գ ձեթ:
Համեմունքներ.
կալպասի ծաղիկ,
երկու հատիկ կանաչ հիլ,
մեխակ,
դարչին,
դափնու տերև,
1ճ/գ. չաման
2 թ/գ. համեմի սերմ,
1թ/գ. կծու կարմիր բիբար
աղ
Պատրաստման եղանակը իմանալու համար նայել վիդեոն, որտեղ Մարին մանրամասն ցույց է տալիս թե ինչպես պատրաստել այն:
Բարի ախորժակ:
Շնորհակալություն Մարիին մեզ հետ իր փորձով կիսվելու համար:
Առաջին անգամ հնդկական հարսանիքի ականատեսն ու մասնակիցն եմ դարձել 2012 թվականի աշնանը, երբ երկամսյա ծրագրով գտնվում էի Դելիում: Ծրագիրն անց էր կացվում տեղի հյուրանոցներից մեկում:
Կրթական ծրագրին մասնակցում էին 22 երկրի ներկայացուցիչներ՝ թվով 36 ուսանող: Հայաստանը այդ ծրագրում ես էի ներկայացնում:
Մի օր նկատեցինք, որ հյուրանոցի ողջ տարածքը շքեղ զարդարում են: Հետաքրքրվեցինք ու իմացանք, որ հարսանիք է լինելու:
Եվ ահա մի քանի օր անց, երեկոյան ընթրիքից հետո դուրս էինք գալիս ռեստորանից ու լսեցինք հեռվից եկող երաժշտության ձայներ: Մեզ ասացին, որը այսօր է այդ հարսանիքը: Շատ էի զարմացել, որ այդքան ուշ ժամին են սկսում հարսանեկան միջոցառումը:
Երաժշտության ձայները բոլորին տեղեկացնում էին, որ փեսացուն է գալիս: Նրան ուղեկցում էր նվագախումբը: Փեսան գալիս էր սպիտակ ձի նստած, որը զարդարված էր շատ գեղեցիկ:
Փեսան՝ սպիտակ ձիով
Նա կրում էր հնդկական ավանդական հարսանեկան կոստյում:
Առջևից նվագելով գնում էին երաժիշտները, իսկ նրանց հաջորդում էին երիտասարդ աղջիկները, որոնք ողջ ճանապարհի ընթացքում պարում էին:
Նախորդ նյութերում խոսել եմ հնդկական հարսանիքների տարբերությունների մասին և հիմա ներկայացնում եմ ևս մեկ հարսանիք, որը իսկապես տարբերվում է նախորդներից:
Եվ այսպես նվագելով, պարելով գալիս են հյուրանոցի գեղեցիկ բացատում ձևավորված սրահի մոտ: Մուտքի մոտ հավաքվել Էին հարազատները և մինչև փեսայի ներս գնալը՝ վարդաջրով լվացին նրա ձեռքերն, այնուհետև նրան նվիրեցին ծաղկեշղթաներ (երևում է նկարի մեջ):
Բարեկամները՝ ծաղկեշղթաներով
Վարդաջուր
Ինչպես բոլոր հնդկական հարսանիքներում, այստեղ ևս պատրաստված էր շատ գեղեցիկ բեմ, որը սպասում էր նորապսակներին:
Մենք մի քանի ընկերներով, որոշեցինք ներս գնալ, քանի որ բոլորիս համար այն շատ հետաքրքրիր էր: Չնայած նրան, որ մենք հրավիրվածների ցանկում չկայինք, այնուամենայնիվ ներս գնացինք: Փեսայի հայրը մոտեցավ մեզ, ծանոթացավ ու սիրով հրավիրեց մասնակցելու իր տղայի հարսանիքին: Մենք էլ մեր հերթին հրավերն ստանալուց հետո բարձրացանք մեր սենյակները, վերցրեցինք մեզ հետ բերած հուշանվերից ու գնացինք հարսանիքի:
Ես իմ ընկերների հետ հնդկական հարսանիքի ժամանակ
Մինչև հարսնացուի գալը հասցրեցինք նկարվել փեսացուի հետ:
Հյուրերը հարմար տեղավորվել և սպասում էին հարսնացուին:
Այս հարսանիքը մեր հայկական հարսանիքներից շատ էր տարբերվում և այդ իսկ պատճառով ուշադիր հետևում էի ամեն մի քայլին, որ կատարվում էր այնտեղ:
Հյուրերին զովացուցիչ ըմպելիք ու քաղցրավենիք էին հյուրասիրում, իսկ հարսանեկան բազմազան ուտեստներով լի սեղանը պատրաստված էր մեկ այլ սրահում:
Տատիկները
Արդեն կեսգիշեր էր երբ, երաժիշտները նորից սկսեցին նվագել ու դիմավորել հարսնացուին: Նա կրում էր շատ գեղեցիկ հարսի շոր:
Փեսան դիմավորեց հարսնացուին գեղեցիկ զարդարված բեմի մոտ:
Ավանդույթին համաձայն նորապսակները միմյանց փոխանցեցին ծաղկեպսակներ, որը ունի մատանիների նշանակություն, որից հետո հյուրերը հերթով մոտենում էին, տալիս իրենց նվերները, նկարվում և գնում էին մյուս սրահ՝ ճաշատեսակներից օգտվելու համար:
Նորապսակները փեսայի ծնողների հետ
Երաժիշտները
Ուտեսներից շատ հավանել էի հալվան, որը մինչև հիմա ոչ մի տեղ չեմ կարողանում գտնել:
Ծնողների նվերը նորապսակներին:
Եվ ահա մենք՝ ընկերներով:
Տաջիկստան, Հայաստան, Լիտվա, Բելառուս, Լիտվա, Նիգերիա
Հիլ, կարդամոմ կամ կարդամոն աճում է Հարավային Հնդկաստանի լեռնային խոնավ անտառներում, մշակվում է նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում և Հարավային Չինաստանում:
Կանաչ հիլ (green cardamom)
Արմատներով գալիս է այն Հնդկաստանից և Նեպալից: Լինում են կանաչ և մուգ շագանակագույն: Կանաչ հիլն ամենատարածվածն է աշխարհում: Այն ունի անուշ հոտ և յուրօրինակ սուր համ:
Տերևները նշտարաձև են՝ երկշարք դասավորված վեգետատիվ ընձյուղի վրա: Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաքված: Պտուղը եռաբուն տուփիկ է: Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես համեմունք օգտագործվում է խոհարարության մեջ: Սերմերում պարունակվող եթերային յուղը (3,5-7%)կիրառվում է սննդի, ծխախոտի արտադրության և բժշկության մեջ:
Այս համեմունքը աշխարհի 3-րդ ամենաթանկ համեմունքն է՝ զաֆրանից և վանիլից հետո:
Հիլը հատիկ վիճակում օգտագործում են թեյի, բրնձի և մի շարք արևելյան քաղցրավենիքների, իսկ աղացած վիճակում՝ հնդկական տարբեր մասալաների պատրաստման մեջ: Այն կազմում է համեմունքների տարբեր խառնուրդների անբաժան մասնիկը:
Հիլն Հարավային Ասիայում մինչև օրս օգտագործվում է որպես ավանդական դեղամիջոց ատամների ու լնդերի բորբոքման, ստամոքսի հիվանդությունների, մարսողական խնդիրների և երիկամներից քարերի հեռացման համար: Այն համարվում է նաև հակաթույն՝ օձերի և կարիճների խայթոցների դեմ :
Այսօր միասին պատրաստելու ենք հնդկական մի շատ համեղ ճաշատեսակ՝ հավի կարիի /chicken curry/: Հավի մսով ու համեմունքներով ուտեստ: Այն այսօր պատրաստելու ենք իմ շատ լավ ընկեր՝ Լիաննա Բեգլարյանի բաղադրատոմսով: Ի դեպ՝ Լիաննան մասնագիտությամբ կենսաբան է, ամուսնացած է, և այժմ ապրում է Դելիում:
Եվ այսպես հավի կարին պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
1 կգ. հավի միս,
3-4 հատ միջին չափի սոխ,
3 հատ փոքր լոլիկ,
5-6 պճեղ սխտոր /ըստ ճաշակի/,
կոճապղպեղ /իմբիր/, կամ փոշին 0,5թ/գ.,
1 ճ/գ. "կարի մասալա" /curry masala/, /Masala-հնդկերեն նշանակում է համեմունքների փունջ/,
3-4 ճ/գ. ձեթ:
Կարի մասալայի համար մեզ անհրաժեշտ է՝
2 ճ/գ. համեմի սերմի փոշի,
1,5 ճ/գ., կարմիր պղպեղ,
0,5 թ/գ. քրքում /turmeric/,
0,5 թ/գ. սև պղպեղ,
"գարամ մասալա" /garam masala/ շատ քիչ, 0,25թ/գ:
"Գարամ մասալան" համեմունքների փունջ է, որն իր մեջ ներառում է 8-12 տեսակի համեմունք: Հաջորդ նյութերում կներկայացնեմ, թե ինչպես պատրաստել "գարամ մասալա": Կարծում եմ հայկական քիմքին հաճելի է առանց "գարամ մասալայի", ամեն դեպքում ես կգրեմ "գարամ մասալա" պատրաստելու եղանակը:
Միսը մի քանի ժամ առաջ դնում ենք աղաջրի մեջ:
Հավի կարին պատրաստելու համար ձեթը լցնում ենք թավայի մեջ և թողնում, որ լավ տաքանա: Մի քանի րոպե հետո ավելացնում ենք նախօրոք մանր կտրտված սոխը և թողնում այնքան ժամանակ, որ ստանա վարդագույն երանգ:
Սոխ
Սոխը վարդագույն երանգ ստանալուց հետո ավելացնում ենք մանր կտրտված լոլիկը և թուլացնում ենք կրակը:
Լոլիկ
Բերանը փակում ենք, բայց ժամանակ առ ժամանակ խառնում ենք, որ չվառվի:
Եթե զգում եք ջրային մասը քիչ է, ապա ավելացրեք շատ քիչ ջուր:
Եփում ենք 10 րոպե, այնուհետև ավելացնում ենք աղ ըստ ճաշակի ու կարի մասալա: Մի քանի րոպե եփելուց հետո ավելացնում ենք հավի մսի կտորները, փակում ենք բերանը, թուլացնում ենք կրակն ու շարունակում եփել: Եփում ենք մոտ կես ժամ:
Ժամանակ առ ժամանակ խառնում ենք, որ չկպնի տակը: Երբ ձեթը առանձնանում է, նշանակում է եփել է: Անջատում ենք կրակը, և ըստ ցանկության ավելացնում ենք համեմ:
Հավի կարի /chicken curry/
Բարի ախորժակ
Շնորհակալություն Լիաննային իր փորձով մեզ հետ կիսվելու համար:
Տիրուչիլապալի կամ Տրիչի, Տիրուչին քաղաք է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում: Տրիչին այս նահանգի 4-րդ քաղաքն է: Մադրասից այն գտնվում է հարավ՝ 322 կմ հեռավորության վրա: Տրիչիի մասին մանրամասն կպատմեմ ավելի ուշ...
Վերջերս գնացել էինք այնտեղ հարսանիքի: Արդեն նախկին հարսանեկան նյութում խոսել եմ այն մասին, որ այստեղ հարսանիքները տարբերվում են իրարից: Այն պայմանավորված զույգի կրոնական պատկանելությունից, դասային աստիճանից և այլ հատկանիշներից: Այս անգամ մեր նորապսակները քրիստոնյաներ են և պսակադրությունը տեղի է ունեցել մի գեղեցիկ եկեղեցում: Պսակադրությունը տևեց երկու ժամ:
Մանուշակագույն երանգով էին զարդարված եկեղեցին ու հարսանյաց սրահը: Ասեմ ավելին հյուրերի մեծ մասն էլ էր կրում նույն գույնի սարիի: Եկեղեցու արարողության ժամանակ հարսը կրում էր սպիտակ, գեղեցիկ, մետաքսե սարիի, իսկ հետո արդեն՝ մանուշակագույն մետաքսե սարիի:
Այդ օրը առավոտյան մոտիկ, հարազատ մարդկանցով հավաքվել էին Տրիչիի գեղեցիկ հյուրանոցներից մեկում: Բարեկամները պատրաստել էին հետաքրքիր միջոցառում զույգի համար՝ երգի, բանաստեղծության ու հումորային անակնկալների տեսքով, որին ես հաճույքով հետևում էի, քանի որ այն նոր էր ինձ համար:
Ավելի ուշ կողքի սրահում բոլորիս սպասում էին ավանդկան հարավային հնդկական սեղանները: Իմ "ափսեն" ուներ այս տեսքը:
Ահա և իմ "ափսեն"
Բանանի տերևներ են դնում բոլոր հյուրերի առջև, ովքեր արդեն նստել են սեղանների շուրջը, որից հետո հերթով մոտենում են մատուցողները՝ ուտելիքներով լի մեծ տարրաններով ու կամաց-կամաց հյուրասիրում հյուրերին:
Ինձ համար այսքան տարբեր հյուրասիրությունից հետո շփոթված էի...
Եվ ահա բոլորը եկեղեցու ներսում են ու սպասում են հարսնացուին:
Եկեղեցին զարդարված էր շատ գեղեցիկ:
Ահա կամաց-կամաց եկեղեցի է մտնում հարսը՝ առջևից քայլում են մանկահասակ աղջիկները՝ գեղեցիկ ծաղկեփնջերով, այնուհետև միջին տարիքի աղջիկները՝ ծաղկեփնջերով և հասուն աղջիկները, որոնք ապագա հարսնացուներ են: Քայլելու ընթացում նրանք ծաղկեթերթիկներ էին լցնում ճանապարհին:
Հարսնաքույր
Հարսնաքրոջից հետո եկեղեցի է մտնում հարսը իր հայրիկի հետ:
Յուրաքանչյուր նստատեղի վրա դրված էին փոքր բրոշյուրներ, որտեղ ներկայացված էր ողջ երգացանկն ու արարողության ընթացակարգը: Ցանկացողները կարող էին կարդալ և հետևել ընթացքին:
Ընթացքում բոլորին բաժանվեցին ծաղկեթերթիկներ, որը մենք պետք է լցնեինք զույգի վրա եկեղեցուց դուրս գալու ժամանակ:
Եվ ահա եկեղեցու բակում նորապսակները նկարվում են հյուրերի հետ:
Եկեղեցու արարողությունից հետո ուղևորվեցինք շքեղ մի հյուրանոց, որտեղ տեղի էր ունենալու հարսանյաց հանդեսը: Հրավիրվածների թիվը անցնում էր 2000-ը:
Սրահը նույնպես զարդարված էր շատ գեղեցիկ, և ինչպես բոլոր հնդկական հարսանիքներ ժամանակ հյուրերը շարք էին կանգնել՝ իրենց նվերը փոխանցելու և նկարվելու համար: Մենք որոշեցինք նստել և հետևել ընթացքին, քանի որ մոտենալ հնարավոր չէր: Մի երկու ժամ սպասելուց հետո որոշեցի շարք կանգնել:
Արդեն շարքում եմ...
Ընթացքում հասցրեցի մի քանի անգամ նկարվել:
Եվ ահա մեր նկարը նորապսակների հետ:
Շնորհավորում եմ նրանց: Անսահման Սեր և երջանկություն մաղթում: