Այսօր միասին պատրաստելու ենք հնդկական մի շատ համեղ ճաշատեսակ՝ հավի կարիի /chicken curry/: Հավի մսով ու համեմունքներով ուտեստ: Այն այսօր պատրաստելու ենք իմ շատ լավ ընկեր՝ Լիաննա Բեգլարյանի բաղադրատոմսով: Ի դեպ՝ Լիաննան մասնագիտությամբ կենսաբան է, ամուսնացած է, և այժմ ապրում է Դելիում:
Եվ այսպես հավի կարին պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
- 1 կգ. հավի միս,
- 3-4 հատ միջին չափի սոխ,
- 3 հատ փոքր լոլիկ,
- 5-6 պճեղ սխտոր /ըստ ճաշակի/,
- կոճապղպեղ /իմբիր/, կամ փոշին 0,5թ/գ.,
- 1 ճ/գ. "կարի մասալա" /curry masala/, /Masala-հնդկերեն նշանակում է համեմունքների փունջ/,
- 3-4 ճ/գ. ձեթ:
Կարի մասալայի համար մեզ անհրաժեշտ է՝
- 2 ճ/գ. համեմի սերմի փոշի,
- 1,5 ճ/գ., կարմիր պղպեղ,
- 0,5 թ/գ. քրքում /turmeric/,
- 0,5 թ/գ. սև պղպեղ,
- "գարամ մասալա" /garam masala/ շատ քիչ, 0,25թ/գ:
"Գարամ մասալան" համեմունքների փունջ է, որն իր մեջ ներառում է 8-12 տեսակի համեմունք: Հաջորդ նյութերում կներկայացնեմ, թե ինչպես պատրաստել "գարամ մասալա": Կարծում եմ հայկական քիմքին հաճելի է առանց "գարամ մասալայի", ամեն դեպքում ես կգրեմ "գարամ մասալա" պատրաստելու եղանակը:
Միսը մի քանի ժամ առաջ դնում ենք աղաջրի մեջ:
Հավի կարին պատրաստելու համար ձեթը լցնում ենք թավայի մեջ և թողնում, որ լավ տաքանա: Մի քանի րոպե հետո ավելացնում ենք նախօրոք մանր կտրտված սոխը և թողնում այնքան ժամանակ, որ ստանա վարդագույն երանգ:
Սոխ |
Սոխը վարդագույն երանգ ստանալուց հետո ավելացնում ենք մանր կտրտված լոլիկը և թուլացնում ենք կրակը:
Լոլիկ |
Եթե զգում եք ջրային մասը քիչ է, ապա ավելացրեք շատ քիչ ջուր:
Եփում ենք 10 րոպե, այնուհետև ավելացնում ենք աղ ըստ ճաշակի ու կարի մասալա: Մի քանի րոպե եփելուց հետո ավելացնում ենք հավի մսի կտորները, փակում ենք բերանը, թուլացնում ենք կրակն ու շարունակում եփել: Եփում ենք մոտ կես ժամ:
Ժամանակ առ ժամանակ խառնում ենք, որ չկպնի տակը: Երբ ձեթը առանձնանում է, նշանակում է եփել է: Անջատում ենք կրակը, և ըստ ցանկության ավելացնում ենք համեմ:
Հավի կարի /chicken curry/ |
Բարի ախորժակ
Շնորհակալություն Լիաննային իր փորձով մեզ հետ կիսվելու համար:
No comments:
Post a Comment