Monday, February 9, 2015

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՋԱՅՊՈՒՐԻՑ

      Ինչպես բոլոր ազգերն, այնպես էլ հնդիկներն ունեն  հարսանիքները նշելու  իրենց յուրահատուկ ավանդույթներն ու սովորույթները:
      Հնդկական հարսանիքը տարբերվում է իր ճոխությամբ և գունեղությամբ: Ասեմ, որ երկրի տարբեր մարզերում հարսանիքները տարբեր ձև են կազմակերպվում, որը պայմանավորված է շրջանի սովորույթներով, կրոնով, ընտանիքի դասային աստիճանով և այլ հատկանիշներով: Այստեղ հարսնացույի զգեստի ոճից կարող են ասել թե նա, որ մարզից է:           
     Երեկ Մադրասում մասնակցում էի մի շատ գունեղ հնդկական հարսանիքի, որի մասին ուզում եմ պատմել ու Ձեզ էլ  այդ հարսանիքի մասնակիցը դարձնել:
      Եվ այսպիսով, մեր հարսնացուն Պուջան էր, իսկ փեսացուն՝ Նիտեշը: Նրանք հինդուիզմի հետևորդներ են՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքից: 
          Հյուրանոցի մուտքի մոտ դրված այս պաստառը  բոլորին տեղեկացնում էր, որ Պուջայի և Նիտեշի հարսանիքն է: Հարսանիքն ամբողջությամբ կազմակերպել էին Պուջայի ծնողները, քանի որ ավանդույթն է այդպիսին:

Պուջայի և Նիտեշի հարսանիքը

    Դեռ ամիսներ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները, հյուրերին հրավիրելը և այլն: Զույգը շատ մեծ ուշադրությամբ ընտրում է հրավերի ձևանմուշը, որը տպագրելուց հետո փոստով ուղարկում են հյուրերին: Եվ ահա մեր հրավերը, որ ստացել էինք Պուջայի ծնողներից:

                       ը
Հարսանյաց հանդեսի հրավեր

   


          Հնդկաստանում հարսանիքի ժամանակ զույգը նստում կամ կանգնում է հատուկ ձևավորված բեմի վրա՝ իրենց գեղեցիկ, գունեղ հագուստով ու արդուզարդով, իսկ հյուրերը՝ հերթով մոտենում են զույգին, տալիս իրենց նվերը և պարտադիր նկարվում նորապսակների հետ, որից հետո գնում են հատուկ անկյունում դրված ուտելիքներով լի սեղանների մոտ՝ հյուրասիրվելու:

Զույգը տատիկների հետ

            Հյուրերը կազմում են շարք և հերթով՝ իրենց գեղեցիկ փաթեթավորված նվերներով մոտենում են նորապսակներին:

Հյուրերի շարքը
          Հնդկաստանում  հարսանիքների ժամանակ նորապսակները  հիմնականում կրում են գեղեցիկ ծաղիկներով գործված ծաղկեշղթա, որը նշանակում է, որ իրենց նոր, համատեղ կյանք ծաղիկների պես գեղեցիկ լինի: Պարզվում է, որ  Ջայպուրում, այդքան էլ շատ չեն հետևում այդ կանոնին:
        Փեսացույի կոստյումին կապված գոտու մեջ աջ կողմում դրված է փող, իսկ ձախ կողմում՝ դանակ: Փողը նշանակում է հարուստություն, առանց խնդիրների կյանք, իսկ դանակը՝ ուժ, որով նա կարող է պաշտպանել  իր <<թագուհուն>>:


                                


         Ինչպես բոլոր հյուրերը, այնպես էլ մենք  մոտենալով զույգին նվիրեցինք մեր  նվերը և նկարվեցինք՝  սովորույթի համաձայն:



                          
Սա էլ մենք  Պուջայի և Նիտեշի հետ / աջից առաջինը հարսնացույի հայրն է, ամուսինս, նորապսակները, հարսնացույի մայրը և ես/
                              
                                                


         Հնդկաստանում ոչ բոլոր հարսանիքների ժամանակ կարող ես լսել երաժշտություն՝ այն էլ կենդանի: Հիմնականում հրավիրվածները տալիս իրենց նվերները, նկարվում, օգտվում հյուրասիրությունից և այս ամենը կատարվում է առանց երաժշտությամբ: Այս հարսանիքի ժամանակ կար երաժշտություն, ասեմ ավելին՝ կենդանի երգեցողությամբ, որտեղ երգիչները կատարում էին հնդկական պարային ռիթմեր:


Երաժիշտները
        Ճաշկերույթը կազմակերպվել էր շատ հետաքրքիր ոճով՝ ափսեները դրված էին սրահի մի անկյունում: Հյուրերը վերցնում էին ափսեն ու հերթով անցնում սեղանների կողքով՝  համտեսելով մատուցվող ուտելիքները:

         
Տաք ուտեստներ

    
                                                                      
         Հարսանիքների ժամանակ օգտագործում են միայն զովացուցիչ ըմպելիքներ:

Զովացուցիչ ըմպելիքներ
                                                   
Պաղպաղակ
                                                          
Կտրտված միրգ և բանջարեղեն
                       
        Կանայք  տարբերվում էին իրենց գեղեցիկ սարիների հագնվելու ոճով:
     Հյուրերի մեջ իր ոճով տարբերվող տատիկին որոշեցի նկարել ու նա մեծ հաճույքով համաձայնվեց:      

Հնդկուհի՝ Ջայպուրից
          Իսկ վերջում ես նկարվեցի տատիկի ընտանիքի անդամների հետ, որոնց նա արդեն պատմել էր իրեն նկարելու մասին:                            

Ես ու շատ գեղեցիկ հնդկուհիները