Tuesday, October 13, 2015

ARATHOONS ԿԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ

       
          Պարզվում է, որ Մադրասում բացի Հայկական փողոցից /Armenian street/ մենք ունենք ևս մեկ այլ փողոց՝ Հարությունյան փողոցը կամ ինչպես այստեղ են ասում Arathoon road-ը:

Հին ցուցատախտակը

                 1819 թվականին այս փողոցը անվանակոչվել է ի պատիվ հայ մեծահարուստ վաճառական Ջոն Հարությունի /John Arathoon/: Շուտով այս փողոցը կլինի 200 տարեկան:

Նոր ցուցատախտակը
           Արդեն մեկ տարի է, ինչ ապրում եմ Մադրասում, և այս ողջ ընթացքում ամուսնուս հետ միասին փնտրել ենք հայկական հետքեր այստեղ: Նույնիսկ  մեր բարեկամներն են մեզ օգնում՝ արխիվներից, հին գրքերից գտնում են հայերի մասին պատմող հոդվածներ, նյութեր դրանք պատճենահանում են և  մեզ են ուղղարկում, որի համար շատ շնորհակալ ենք:

Ես`  Հարությունյան փողոցում /Arathoon road/
        Ամուսինս մի քանի օր առաջ ինչ-որ գովազդային հոդված կարդալու ժամանակ նկատում է, որ  այդ ընկերության հասցեն գտնվում  է Հարությունյան փողոցում /Arathoon street/ և շատ է զարմանում, քանի որ մենք այստեղ միայն  մեկ փողոց գիտեինք՝ Հայկական փողոցը, որտեղ և գտնվում է Մադրասի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին:
Երեկ  մենք գնացել էինք այնտեղ: Սա իսկապես մեծ ու շատ ուրախալի նորություն էր մեզ համար:


Հատված Arathoon փողոցից

             Նեղ ու երկար փողոց էր: Այն գտնվում է Հին Մադրասի կենտրոնական մասերում և գրեթե 2 կմ է հեռու հայկական եկեղեցուց: Այդ փողոցում տարիներ առաջ ապրել են միայն առևտրականներ, քանի որ այն շատ մոտ է երկաթգծի կանգառին` Ռոյապուրամին, որը համարվում է Հնդկաստանի ամենահին  կանգառներից մեկը և Մադրասի նավահանգստին:

Հատված փողոցից


Հին ցուցատախտակի մոտ

            Մադրասի տարբեր եկեղեցիների տարածքում ու հայկական հին գերեզմանատանը  գտել ենք  Arathoon մակագրությամբ տապանաքարեր, ինչպես նաև հին  տպագիր նյութերում շատ ենք կարդացել /Ջոն Հարություն /John Arathoon/ հայտնի հայ վաճառականի մասին, ով 19-րդ դարում ապրել է Մադրասում:




             19-րդ դարում   Մադրասում Ջոն Հարությունը /John Arathoon/  հայտնի բիզնեսմեն էր: Նա զբաղվում էր թանկարժեք քարերի բիզնեսով: Ամուսնացած է եղել Մարգարետ Բաբումի /Margaret Baboom/ հետ: Բաբումը նույնպես հայ է եղել: Նրանք միասին ունեցել են 3 երեխա՝ Էլիզան /Eliza (1827)/, Ալբերտ Ջոն Ֆելիքս Հարությունը /Albert John Felix Arathoon/ և  Ջոսեֆինը, ով մահանում է շատ վաղ հասակում, և թաղված է Մադրասում:
           Բոլոր այստեղ թաղված Հարությունյանները /Arathoon/-ները   կարծում եմ ունեն  ազգակցական կապ Ջոն Հարությունի հետ: Սա իմ կարծիքն է:















             Եթե ունեք որևէ ինֆորմացիա Հարությունյանների /Arathoons/ մասին Մադրասում, խնդրում եմ գրեք ինձ կամ  թողեք  մեկնաբանություն:

            Շնորհակալություն