Showing posts with label խոհանոց. Show all posts
Showing posts with label խոհանոց. Show all posts

Sunday, April 9, 2017

ՄԱՆՆԻՈՎ ՀԱԼՎԱ


        Գիտեմ, որ շատ եք հետաքրքրված հնդկական խոհանոցով, սակայն իմ ժամանակի սղության պատճառով չեմ  կարողանում հաճախակի գրել նյութեր: Ժամանակ առ ժամանակ պատրաստում եմ և հնդկական խոհանոցից, և այլ խոհանոցներից ուտեստեր, սակայն չեմ հասցնում կիսվել ձեզ հետ: 
       Հուսամ  շուտով կկարողանամ ձեզ հետ կիսվել իմ խոհարարական գաղտնիքներով և բաղադրատոմսերով, բայց մինչ ինձ հետ պատրաստելը, առաջարկում եմ հետևել Հասմիկի յութուբյան ալիքին:
Հասմիկը ապրում է Մումբայում, Հնդկաստանում: Այստեղ կարող եք կարդալ իմ հոդվածը Հասմիկի սիրո պատմության մասին: 
   Հասմիկը վերջերս է բացել իր հայերեն լեզվով յութուբյան ալիքը, որտեղ ներկայացնում է հնդկական խոհանոցը:
       Եվ այսպես, այսօր Հասմիկի հետ միասին պատրաստում ենք  հնդկական  հալվա մաննիով:
      Շնորհակալություն Հասմիկ ջան հոլովակի համար:
      Եկեք գրանցվենք և Հասմիկի հետ միասին պատրաստենք համեղ ուտեստներ և քաղցրավենիքներ հնդկական հարուստ խոհանոցից:

                                               Հնդկական հալվա մաննիով



Wednesday, November 11, 2015

ՀԱՅԿԱԿԱՆ ՂԱՓԱՄԱՆ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ



       Հնդկաստանում հաճախ եմ պատրաստում  հայկական խոհանոցից ուտեստներ ու երեկ պատրաստել էի ղափամա: Ասեմ, որ շատ համեղ էր ստացվել և բոլորը հավանել են:





 Նկարները տեղադրելուց հետո շատերն են հարցրել բաղադրատոմսը:


 
             Կարևոր չէ, թե որտեղ ես ապրում, կարևորն այն է, որ կարողանաս պահպանել այն ինչ շատ հարազատ է և քոնն է:





       Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
  • Դդում 1,5 կգ,
  • Բրինձ 150 գր.,
  • Կարագ 150գր.,
  • Սալորի չիր 50գր.,
  • Ծիրանի չիր 50գր.,
  • Չամիչ 50գր.,
  • Դարչին.,
  • 1 Խնձոր,
  • Մեղր 50 գր.,
  • Ընկույզ 100 գր.:
Նայել վիդեոն՝ https://www.youtube.com/watch?v=G6jwDAgmHvU

           Բարի ախորժակ...



       Եկեք միասին լսենք մի շատ լավ հայկական երգ՝ Ղափամա

Sunday, June 14, 2015

ԱՂԱՑԱԾ ՄՍՈՎ ԿԱՐԻ (KUTHU CURRY)

      Միասին պատրաստելու ենք հնդկական համեղ ուտեստների շարքից մի համեղ կարի՝կաղամբով և աղացած մսով: 

Kuthu curry

          Այս անգամ պարտաստելու ենք  աղացած մսով կարի: Կարին պատրաստելու ենք իմ լավ ընկեր Մարիի բաղադրատոմսով՝ ով մասնագիտությամբ դիզայներ է: Նա  մի քանի տարի է  ինչ  ապրում է Հնդկաստանի Մադրաս քաղաքում, ամուսնացած է և ունի շատ աշխույժ մի տղա: Տղայի անունը Առյուծ է, ուժեղ անուն է, չէ՞:

Սոխ, սխտոր, կոկոս, կոճապղպեղ և չաման

Կաղամբ

Աղացած միս /ցանկացած տեսակի/

Սոխ

Համեմունքներ

Լոլիկ

            Այս ճաշատեսակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.


  • 0,5 կգ. աղացած միս,
  • 400 գր. կաղամբ,
  • 2 լոլիկ,
  • 4 գլուխ սոխ,
  • 4 պճեղ սխտոր,
  • կոճապղպեղ(ginger),
  • կոկոս,
  • 2 ճ/գ ձեթ:
 
      Համեմունքներ.
  • կալպասի ծաղիկ,
  • երկու հատիկ կանաչ հիլ,
  • մեխակ, 
  • դարչին,
  • դափնու տերև,
  • 1ճ/գ. չաման
  • 2 թ/գ. համեմի սերմ,
  • 1թ/գ. կծու կարմիր բիբար
  • աղ
           Պատրաստման եղանակը  իմանալու համար նայել  վիդեոն, որտեղ Մարին մանրամասն ցույց է տալիս թե ինչպես պատրաստել  այն:

           Բարի ախորժակ:





Շնորհակալություն Մարիին մեզ հետ իր փորձով կիսվելու համար:

Thursday, May 28, 2015

ԿԱՆԱՉ ՀԻԼ (GREEN CARDAMOM)

       
         Հիլ, կարդամոմ կամ կարդամոն աճում է Հարավային Հնդկաստանի լեռնային խոնավ անտառներում, մշակվում է նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում և Հարավային Չինաստանում: 

Կանաչ հիլ (green cardamom)

     Արմատներով գալիս է այն Հնդկաստանից և Նեպալից: Լինում են կանաչ և մուգ շագանակագույն: Կանաչ հիլն ամենատարածվածն է աշխարհում: Այն ունի անուշ հոտ և յուրօրինակ սուր համ:
   Տերևները նշտարաձև են՝ երկշարք դասավորված վեգետատիվ ընձյուղի վրա: Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաքված: Պտուղը եռաբուն տուփիկ է: Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես համեմունք օգտագործվում է խոհարարության մեջ: Սերմերում պարունակվող եթերային յուղը (3,5-7%)կիրառվում է սննդի, ծխախոտի արտադրության և բժշկության մեջ:
    Այս համեմունքը աշխարհի 3-րդ ամենաթանկ համեմունքն է՝ զաֆրանից և վանիլից հետո: 
   Հիլը հատիկ վիճակում օգտագործում են թեյի, բրնձի և մի շարք արևելյան քաղցրավենիքների, իսկ աղացած վիճակում՝ հնդկական տարբեր մասալաների պատրաստման մեջ: Այն կազմում է համեմունքների տարբեր խառնուրդների անբաժան մասնիկը:
    Հիլն Հարավային Ասիայում մինչև օրս օգտագործվում է  որպես ավանդական դեղամիջոց ատամների ու լնդերի բորբոքման, ստամոքսի հիվանդությունների, մարսողական խնդիրների և երիկամներից քարերի հեռացման համար: Այն համարվում է նաև հակաթույն՝ օձերի և կարիճների խայթոցների դեմ :

Wednesday, May 20, 2015

ՀԱՎԻ ԿԱՐԻ (CHICKEN CURRY)

       Այսօր միասին պատրաստելու ենք հնդկական մի շատ համեղ ճաշատեսակ՝  հավի կարիի /chicken curry/: Հավի մսով ու համեմունքներով ուտեստ: Այն այսօր պատրաստելու ենք իմ շատ լավ ընկեր՝ Լիաննա Բեգլարյանի բաղադրատոմսով: Ի դեպ՝ Լիաննան  մասնագիտությամբ կենսաբան է, ամուսնացած է, և այժմ ապրում է Դելիում:
        Եվ այսպես հավի կարին պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
  • 1 կգ. հավի միս,
  • 3-4 հատ միջին չափի սոխ,
  • 3 հատ փոքր լոլիկ,
  • 5-6 պճեղ սխտոր /ըստ ճաշակի/,
  • կոճապղպեղ /իմբիր/, կամ փոշին 0,5թ/գ.,
  •  1 ճ/գ. "կարի մասալա" /curry masala/, /Masala-հնդկերեն նշանակում է համեմունքների փունջ/,
  •  3-4  ճ/գ. ձեթ:
        Կարի մասալայի համար մեզ անհրաժեշտ է՝
  • 2 ճ/գ. համեմի սերմի փոշի, 
  • 1,5 ճ/գ., կարմիր պղպեղ,
  • 0,5 թ/գ. քրքում /turmeric/,
  • 0,5 թ/գ.  սև պղպեղ,
  •  "գարամ մասալա" /garam masala/ շատ քիչ, 0,25թ/գ:
     "Գարամ մասալան" համեմունքների փունջ է, որն իր մեջ ներառում է 8-12 տեսակի համեմունք: Հաջորդ նյութերում կներկայացնեմ, թե ինչպես պատրաստել "գարամ մասալա": Կարծում եմ հայկական քիմքին հաճելի է առանց "գարամ մասալայի", ամեն դեպքում ես կգրեմ "գարամ մասալա" պատրաստելու եղանակը:
        Միսը մի քանի ժամ առաջ  դնում ենք աղաջրի մեջ: 
     Հավի կարին պատրաստելու համար ձեթը լցնում ենք թավայի մեջ և թողնում, որ լավ տաքանա: Մի քանի րոպե հետո ավելացնում ենք նախօրոք մանր կտրտված սոխը և թողնում այնքան ժամանակ, որ ստանա վարդագույն երանգ: 

Սոխ





      Սոխը վարդագույն երանգ ստանալուց հետո ավելացնում ենք մանր կտրտված լոլիկը և թուլացնում ենք կրակը:

Լոլիկ
 Բերանը փակում ենք, բայց ժամանակ առ ժամանակ խառնում ենք, որ չվառվի:



      Եթե զգում եք ջրային մասը քիչ է, ապա ավելացրեք շատ քիչ ջուր:


 Եփում ենք 10 րոպե, այնուհետև ավելացնում ենք աղ ըստ ճաշակի ու կարի մասալա: Մի քանի րոպե եփելուց հետո ավելացնում ենք հավի մսի կտորները, փակում ենք բերանը, թուլացնում ենք կրակն ու շարունակում եփել: Եփում ենք մոտ կես ժամ:


      Ժամանակ առ ժամանակ խառնում ենք, որ չկպնի տակը: Երբ ձեթը առանձնանում է, նշանակում է եփել է: Անջատում ենք կրակը, և ըստ ցանկության ավելացնում ենք համեմ:

Հավի կարի /chicken curry/


    Բարի ախորժակ

    Շնորհակալություն Լիաննային իր փորձով մեզ հետ կիսվելու համար:

Wednesday, May 13, 2015

ՉԱՄԱՆ (CUMIN)

         
         Չաման ( քիմոն կամ քիմիոն, քեմոն, զիրե, ճապուռ)

Չաման


       Գիտական անվանումն է՝ carus carve: Սերմերը գտնվել են Ք.Ա.3-րդ հազարամյակում կառուցված ցցաշեն բնակատեղիներում: 
   Չամանի սերմը հնագույն համեմունք է: Այն  աճում է նաև Հնդկաստանում, Հայաստանում, որի սերմերն օգտագործում են բազմազա խոհանոցներում թ՛ե ամբողջական և  թ՛ե արդեն փոշի վիճակում, որպես համեմունք: Այն ուժեղ համ ունի և պետք է օգտագործել շատ փոքր չափաբաժիններով:
      Կան տվյալներ, որ բույսը լայնորեն մշակվել է Փոքր Ասիայում Ք. Ա. 8-րդ դարում՝ հետաքրքիր է, որ այն երբեմն անվնում են Հայոց չաման կամ հայչաման:
    Բուժիչ հատկություններ ունի բույսի սերմը, պահպանման ժամկետը 3 տարի է: Պարունակում է մոտ 20 % ճարպային յուղ, 23 % սպիտակուց, 8 % եթերային յուղ, պիգմենտներ, ֆլավոններ, դաբաղանյութեր, հանքային աղեր, խեժանյութ: Լավացնում է ախորժակը, մարսողությունը, կանխարգելում և հանում է հարթ մկանների սպազմները, ունի խորխաբեր հատկություն, մաքրում է լորձը, կարգավորում միզարտադրությունը:
    Օգտագործում են գազերի կուտակման, դիսպեպսիայի, էնտերիտի, խոլեցիստիտի, մետեորիզմի և կոլիտի դեպքում: Ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել որպես լակտացիան լավացնող, բրոնխները լայնացնող խորխաբեր միջոց:  
Չամանը երեք անգամ արագացնում է նիհարելու գործընթացը: Սննդաբանները նշում են, որ ճաշատեսակների մեջ չամանի օգտագործումն ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց է: 
      Այն առաջին հերթին արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև օգնում է ազատվել խոլեստերինից:
   Չամանը որպես համեմունք կարելի է օգտագործել ցանկացած ճաշատեսակի մեջ օրական շուրջ 3-5 գրամ:


Thursday, May 7, 2015

ՀԱՄԵՄԻ ՍԵՐՄԵՐ

         Ինչպես խոստացել էի միասին սկսում ենք բացահայտել հնդկական խոհանոցը:
        Գրեթե բոլորիս միշտ հետաքրքրել է հնդկական խոհանոցը իր յուրահատուկ բույրով ու համով:
    Բոլոր երկրներում մարդիկ խոսում են հնդկական ճաշատեսակների, հնդկական համեմունքների մասին՝ յուրահատուկ համ ու հոտ, որ բնորոշ է միայն այս խոհանոցին: Եվ այսպիսով սկսում ենք ճանաչել համեմունքները առանձին-առանձին:

Համեմունքների փունջ

     Այսօր կխոսենք համեմի սերմերի մասին, որը շատ են օգտագործում հնդկական խոհանոցում: Այն ընդգրկված է ավելի քան 16 երկրների դեղաբանական ցանկերում:
Համեմի սերմեր

      Համեմի համ ու հոտ սիրողները այն օգտագործում են աղցանների և ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այս խոտաբույսը շատ օգտակար ու բուժիչ հատկություններ ունի: Առավել օգտակար է սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողությունը կարգավորորղ և այլ հատկություններ:
    Համեմի սերմի օգտակարության մասին ավելին կարող եք կարդալ սեղմելով ներքևի հղումը:

      Հղում.

Sunday, January 18, 2015


          Միշտ բարեկամների, ընկերների, գործընկերների, հեռու- մոտիկ ծանոթների հետ հանդիպելիս զրուցել ենք Հնդկաստանի, հնդկական մշակույթի, ճաշատեսակների, համեմունքների, զարդերի, պարերի, ազգային տոների, բազմաթիվ կրոնական ուղղությունների առկայության  և այլնի մասին:
         Վերջերս զրուցում էի ընկերներիցս մեկի՝ Էմմա Միրզաբեկյանի հետ և  կրկին անգամ Հնդկաստանի թեման չշրջանցեց մեզ: Զրույցի ընթացքում Էմման ինձ ասաց. <<Ինչՙ՚ու  չես մի բլոգ բացում Հնդկաստանի մասին: Այնտեղ կներկայացնես քո տեսանկյունը, քո նկարները, բավականին ինֆորմացիա ունես Հնդկաստանի մասին և հիմա ապրում ես Հնդկաստանի՝ մեր հայկական հայտնի գաղթօջախ Մադրասում: Կարող ես բավականին հետաքրքիր նյութեր գրել>>:
        Երկար  մտածելուց հետո որոշեցի բացել այն:
        Եվ այսպիսով հարգելի ընթերցողներ միասին ճամփորդելու ենք Հնդկաստանի գեղատեսլի վայրերով, բացահայտելու ենք հնդկական ճաշատեսակների, համեմունքների գաղտնիքները, միասին սովորելու ենք պատրաստել հնդկական կերակուրներ և վայելելու ենք հնդկական մշակույթի բազմազան գույները:
Շնորհակալություն