Պարզվում է, որ Մադրասում բացի Հայկական փողոցից /Armenian street/ մենք ունենք ևս մեկ այլ փողոց՝ Հարությունյան փողոցը կամ ինչպես այստեղ են ասում Arathoon road-ը:
|
Հին ցուցատախտակը |
1819 թվականին այս փողոցը անվանակոչվել է ի պատիվ հայ մեծահարուստ վաճառական Ջոն Հարությունի /John Arathoon/: Շուտով այս փողոցը կլինի 200 տարեկան:
|
Նոր ցուցատախտակը |
Արդեն մեկ տարի է, ինչ ապրում եմ Մադրասում, և այս ողջ ընթացքում ամուսնուս հետ միասին փնտրել ենք հայկական հետքեր այստեղ: Նույնիսկ մեր բարեկամներն են մեզ օգնում՝ արխիվներից, հին գրքերից գտնում են հայերի մասին պատմող հոդվածներ, նյութեր դրանք պատճենահանում են և մեզ են ուղղարկում, որի համար շատ շնորհակալ ենք:
|
Ես` Հարությունյան փողոցում /Arathoon road/ |
Ամուսինս մի քանի օր առաջ ինչ-որ գովազդային հոդված կարդալու ժամանակ նկատում է, որ այդ ընկերության հասցեն գտնվում է Հարությունյան փողոցում /Arathoon street/ և շատ է զարմանում, քանի որ մենք այստեղ միայն մեկ փողոց գիտեինք՝ Հայկական փողոցը, որտեղ և գտնվում է Մադրասի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին:
Երեկ մենք գնացել էինք այնտեղ: Սա իսկապես մեծ ու շատ ուրախալի նորություն էր մեզ համար:
|
Հատված Arathoon փողոցից |
Նեղ ու երկար փողոց էր: Այն գտնվում է Հին Մադրասի կենտրոնական մասերում և գրեթե 2 կմ է հեռու հայկական եկեղեցուց: Այդ փողոցում տարիներ առաջ ապրել են միայն առևտրականներ, քանի որ այն շատ մոտ է երկաթգծի կանգառին` Ռոյապուրամին, որը համարվում է Հնդկաստանի ամենահին կանգառներից մեկը և Մադրասի նավահանգստին:
|
Հատված փողոցից |
|
Հին ցուցատախտակի մոտ |
Մադրասի տարբեր եկեղեցիների տարածքում ու հայկական հին գերեզմանատանը գտել ենք Arathoon մակագրությամբ տապանաքարեր, ինչպես նաև հին տպագիր նյութերում շատ ենք կարդացել /Ջոն Հարություն /John Arathoon/ հայտնի հայ վաճառականի մասին, ով 19-րդ դարում ապրել է Մադրասում:
19-րդ դարում Մադրասում Ջոն Հարությունը /John Arathoon/ հայտնի բիզնեսմեն էր: Նա զբաղվում էր թանկարժեք քարերի բիզնեսով: Ամուսնացած է եղել Մարգարետ Բաբումի /Margaret Baboom/ հետ: Բաբումը նույնպես հայ է եղել: Նրանք միասին ունեցել են 3 երեխա՝ Էլիզան /Eliza (1827)/, Ալբերտ Ջոն Ֆելիքս Հարությունը /Albert John Felix Arathoon/ և Ջոսեֆինը, ով մահանում է շատ վաղ հասակում, և թաղված է Մադրասում:
Բոլոր այստեղ թաղված Հարությունյանները /Arathoon/-ները կարծում եմ ունեն ազգակցական կապ Ջոն Հարությունի հետ: Սա իմ կարծիքն է:
Եթե ունեք որևէ ինֆորմացիա Հարությունյանների /Arathoons/ մասին Մադրասում, խնդրում եմ գրեք ինձ կամ թողեք մեկնաբանություն:
Շնորհակալություն