Հիլ, կարդամոմ կամ կարդամոն աճում է Հարավային Հնդկաստանի լեռնային խոնավ անտառներում, մշակվում է նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում և Հարավային Չինաստանում:
Կանաչ հիլ (green cardamom) |
Արմատներով գալիս է այն Հնդկաստանից և Նեպալից: Լինում են կանաչ և մուգ շագանակագույն: Կանաչ հիլն ամենատարածվածն է աշխարհում: Այն ունի անուշ հոտ և յուրօրինակ սուր համ:
Տերևները նշտարաձև են՝ երկշարք դասավորված վեգետատիվ ընձյուղի վրա: Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաքված: Պտուղը եռաբուն տուփիկ է: Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես համեմունք օգտագործվում է խոհարարության մեջ: Սերմերում պարունակվող եթերային յուղը (3,5-7%)կիրառվում է սննդի, ծխախոտի արտադրության և բժշկության մեջ:
Այս համեմունքը աշխարհի 3-րդ ամենաթանկ համեմունքն է՝ զաֆրանից և վանիլից հետո:
Հիլը հատիկ վիճակում օգտագործում են թեյի, բրնձի և մի շարք արևելյան քաղցրավենիքների, իսկ աղացած վիճակում՝ հնդկական տարբեր մասալաների պատրաստման մեջ: Այն կազմում է համեմունքների տարբեր խառնուրդների անբաժան մասնիկը:
Հիլն Հարավային Ասիայում մինչև օրս օգտագործվում է որպես ավանդական դեղամիջոց ատամների ու լնդերի բորբոքման, ստամոքսի հիվանդությունների, մարսողական խնդիրների և երիկամներից քարերի հեռացման համար: Այն համարվում է նաև հակաթույն՝ օձերի և կարիճների խայթոցների դեմ :