|
Նկարի հեղինակը Յուրան է՝իմ շատ լավ ռուս ընկերներից |
2014 թվականի հոկտեմբերից բնակվում եմ Հնդկաստանի Մադրաս քաղաքում:
Ինչպես գիտենք, այս քաղաքը ունեցել է նշանակալի դեր մեր պատմության մեջ:
Այս քաղաքում շատ են հայկական հետքերը, որն ինձ հնարավորություն է տալիս ուրախանալու և հպարտանալու: Մեծ ոգևորությամբ եմ մարդկանց ծանոթացնում մեր պատմության ու մեր մադրասյան ժառանգության հետ:
|
Նկարի հեղինակը Յուրան է |
2012 թվականից ի վեր Մադրասի Սբ. Աստվածածին եկեղեցում Պատարագ չէր մատուցվել: Անհամբեր սպասում էի այդ օրվան, և ահա լուր ստացա, որ այս տարի փետրվարի 4-ին մատուցվելու է ուխտի Սուրբ և անմահ Պատարագ:
Հնչեցին եկեղեցու զանգերը, և Պատարագը սկսվեց ......
Չեք պատկերացնի ինչ էր կատարվում ներսումս, զգացմունքների փոթորիկ էր... Նախ շատ ուրախ էի, որ երկար ընդմիջումից հետո Պատարագ էր մատուցվում Մադրասի մեր հայկական եկեղեցում, մյուս կողմից էլ այն, որ մասնակցում եմ Պատարագի, որը տեղի է ունենում պատմական անցյալ ունեցող, Հնդկաստանի հարավում գտնվող այս գեղեցիկ եկեղեցում:
Մի պահ սկսեցի ճամփորդել պատմության էջերով ու փորձեցի ինձ պատկերացնել, որ 17-18-րդ դարում եմ ու մասնակցում եմ Պատարագի:
Ուղղակի աննկարագրելի զգացողություն էր....
Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մովսես աբղ. Սարգսյանի ձեռմամբ մատուցվեց ուխտի Սուրբ և անմահ Պատարագ Չեննայի (Մադրասի) Սբ. Աստվածածին եկեղեցում:
Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան 193-րդ տարելիցի կապակցությամբ, կարատվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցու հարակից <<Շմավոնյան>> պարտեզում:
Պատարագին ներկա էին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Արմեն Մարտիրոսյանը, Չեննաիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս պրն. Շիվկումար Եշվարանը, <<Հայ-Հնդկական Բարեկամություն>> ՀԿ-ի Հարավային Հնդկաստանի համակարգող՝ Աշխեն Խաչատրյանը, Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցու վարչության անդամները, Հայոց Մարդասիրական ճեմարանի նախկին և ներկա աշակերտները, հայեր, որոնք ապրում և աշխատում են Մադրասում, հյուրեր և ընկերներ՝ ռուսական համայնքից:
|
Ես՝ Աշխեն Խաչատրյանս |
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Հայր Սուրբին Մադրաս այցելության և Մադրասի Սբ. Աստվածածին եկեղեցում Պատարագ մատուցելու համար: Կցանկանայի, որ հաճախակի լինեին այցելությունները:
Շնորհակալությունս եմ նաև ուզում հայտնել տկն. Սաթենիկ Թուֆանյանին, ով այդ ժամանակ գտնվում էր Հնդկաստանում և կարողացավ մասնակցել Պատարագին: Սաթենիկը պատրաստել է գեղեցիկ մի հոդված, որը տպագրվել է Ֆրանսիայի հայկական <<Նոր Հառաչ>> թերթում: