Wednesday, May 4, 2016

ԿԱՐՄԻՐ ԳԵՏԵՐ - ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳ

   

         Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երգ՝  Հրաչուհի Արամյանի կատարմամբ:  Խոսքերի հեղինակներն են՝   Մարի Մաթևոսյանն  /հայերեն/ ու Անգելա Յարդին /անգլերեն /, իսկ երաժշտության հեղինակն  Ջոսե Ֆրանկլին է, ով աշխատել է նաև Արա Գևորգյանի հետ, որի մասին կգրեմ ավելի ուշ:

         
        Հնդկաստանի Մադրաս քաղաքում ապրող և ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտոր Ջոսե Ֆրանկլինը ուղիղ մեկ տարի առաջ  Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատեց ինձ հետ:
         Ջոսեն գրել էր  երաժշտությունը, իսկ Հայաստանից Մարի Մաթևոսյանը՝ հայերեն խոսքերը, սակայն լեզվական խնդրի պատճառով չէին կարողանում ձայնագրել երգը:
         Ֆեյսբուք սոցիալական կայքում Հայ-Հնդկական բարեկամություն ՀԿ-ն ունի  Հնդկաստան-Հայաստան բարեկամություն անվանումով /India-Armenia Friendship/ խումբը, որն ունի 3000-ից ավելի անդամ: Հարավային Հնդկաստանում ներկայացնում եմ Հայ-Հնդկական Բարեկամություն ՀԿ-ն և որպես համակարգող հաճախ եմ նյութեր հղում անում այս խմբում:
       Ապրելով Մադրասում  անձամբ ճանաչում եմ  այստեղ ապրող բոլոր հայերին այդ թվում նաև մեր գեղեցկուհի,  տաղանդավոր երգչուհի Հրաչուհի Արամյանին, ով ծնվել է Հայաստանում, մանուկ հասակում տեղափոխվել են Բելգիա, իսկ  այժմ ապրում և աշխատում է  Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Ամուսնացած է ունի մեկ հրաշք բալիկ: Մադրասի հայտնի ԿՄ կոնսերվատորիայում/KM Music Conservatory/   Հրաչուհին տալիս է արևմտյան վոկալի դասեր:
                 Կոնսերվատորիայի հիմնադիրն է աշխարհահռչակ հնդիկ երգահան, կոմպոզիտոր  է. Ռ. Ռահմանը: 
              Ջոսեն նույնպես մեր կազմակերպության ֆեսբուքյան խմբի անդամ է և հերթական նյութը տեղադրելուց հետո գրել էր ինձ: Նրա խնդրանքն էր, որ կարդամ խոսքերն, լսեմ երաժշտությունն ու ասեմ, արդյոք համահունչ է այն երաժշտության հետ, թե ո՞չ, քանի որ այն հայերեն է գրված: Կարդալուց հետո ասացի, որ ինձ շատ է դուր եկել երաժշտությունն, իսկ բառերը շատ ազդեցիկ են, որից հետո նա ինձ առաջարկեց միասին ձայնագրել այս երգը, քանի, որ հայ եմ և ապրում եմ Մադրասում:  
          Մասնագիտությամբ  լինելով տնտեսագետ, մտածեցի չխառնվել այս գործին ու որոշեցի Ջոսեին ու Հրաչուհուն ծանոթացնել: Հրաչուհին որպես մասնագետ ավելի լավ կկատարի երգն ու աշխատանքն  էլ ավելի գեղեցիկ կլինի, որի արդյունքն  հիմա բոլորս  կարող ենք լսել և տեսնել:        
        Ջոսեի հետ  որոշեցինք հանդիպել և մանրամասն քննարկել բոլոր հարցերը: Հանդիպման ժամանակ ասացի, որ մեր կազմակերպությունը կաջակցի ցանկացած հարցով ու, որ ես իրեն կծանոթացնեմ մի հրաշալի անձնավորության հետ, ով ևս հայ է ու այս գործի վարպետն է: Քննարկեցինք նաև, այն թե ինչպես եմ ես որպես հայ պատկերացնում տեսահոլովակը: Առաջին միտքս այն էր, որ տեսահոլովակը  ճիշտ կլինի նկարահանել Մադրասի հայկական եկեղեցում, ինչպես նաև  ասացի, որ կարելի է ներառել ոճրագործությունը լուսաբանող լուսանկարներ, որոնցով տեսահոլովակի ասելիքը ավելի խոսուն կլինի:
        Եվ այժմ նայելով տեսահոլովակը  ևս մեկ անգամ հիանում եմ Հրաչուհու ձայնային տվյալներով ու շատ գեղեցիկ տեսահոլովակով:  
       Ուրախ եմ, որ հայ-հնդկական համագործակցության արդյունքում այսքան  գեղեցիկ աշխատանք է ստացվել:   

Tuesday, April 19, 2016

ՄԱԴՐԱՍԻ ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԿԱՄ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ԱՅԳԻՆ


               Մադրասի կոկորդիլոսների այգին կամ սողունների կենդանաբանական այգին գտնվում է Չեննայի /Մադրաս/ քաղաքից 40կմ դեպի հարավ հեռավորության վրա:



              Սա ոչ միայն այգի է, այլև գիտահետազոտական կայան է, որտեղ բացի կոկորդիլոսներից կան նաև օձեր և կրիաներ:



             Այն հիմնադրվել է 1976 թվականին և  համարվում է աշխարհում խոշորագույն սողունների կենդանաբանական այգիներից մեկն, ինչպես նաև հնագույն ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունն է Ասիայում:



               Հիմնականում այն հիմնադրվել է հնդկական երեք վերացող կոկորդիլոսների տեսակները պահպանելու համար: Դրանք են՝ ճահճի կոկորդիլոս / Crocodylus palustris/, աղի ջրերի կոկորդիլոս /Crocodylus porosus/ և գհարիալ կոկորդիլոսն /Gavialis gangeticus/, որի տեսակն ամենից շատ էր վտանգված:




               Այն Հնդկաստանի ամենամեծ կոկորդիլոսների այգին է  և զբաղեցնում է 3,4 Հա տարածք: Այստեղ են այցելում ամեն տարի բազմաթիվ այցելուներ, ինչպես նաև մեծ է թիվը օտարերկրացի այցելուների:




                    Այստեղ բացի տեղական կոկորդիլոսի տեսակներից կարող եք տեսնել նաև ամերիկյան, ավստրալիական և այլ վայրերից բերված կոկորդիլոսներ, օձեր և կրիաներ:



                    Այգին բաց է ամեն օր, բացի երկուշաբթիից: Աշխատանքային ժամերն են ժ՜8:30-17:30:
Մեծահասակների համար տոմսն արժե 270 դրամ՝ հայկական դրամով, իսկ երեխաների համար 73 դրամ: Եթե ձեզ հետ վերցնում եք տեսախցիկ կամ լուսանկարչական ապարատ, ապա դրա համար վճարում եք առանձին՝ 146 դրամ:




             Վերջերս էինք այցելել այս պարկ և ահա ձեզ եմ ներկայացնում այդ նկարները:









Կոկորդիլոսի ձվեր են









Այգու մասին մանրամասն կարող եք ծանոթանալ իրենց կայքէջից՝
http://www.madrascrocodilebank.org/cms/

Thursday, March 31, 2016

ՊՈՆԳԱԼ՝ ԲԵՐՔԻ ՓԱՌԱՏՈՆ


        
         Պոնգալը դա բերքի տոն է, որը նշում են հարավային Հնդկաստանում՝ Թամիլ Նադու և Պոնդիչերիի նահանգներում, Շրի Լանկայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում:




                 Պոնգալը Թամիլ ժողովրդի ամենակարևոր տոներից մեկն է, որը ըստ Գրիգորյան օրացույցի տոնում են Հունվարի 13ից-16-ը: Սա  չորսօրյա փառատոն է: Պոնգալ տոնելով մարդիկ իրենց երախտագիտությունն են փոխանցում Արևի Աստծուն՝ գյուղատնտեսության համար էներգիա ապահովելու համար:



              Պոնգալի ժամանակ պատրաստում են բրնձով և կաթով քաղցրավենիք /մեր կաթնովի պես է/ , որի մեջ լցնում են հիլ, չամիչ, հնդկական ընկույզ և այն պատրաստում են պատշգամբում կամ բակում՝ այսինքն բաց տարածությունում քանի որ այն նվիրված է Արևի Աստծուն:


             Այն պատրաստում են կավե ամանի մեջ, որը նախօրորք զարդարված է: 
            Պոնգալ  ճաշատեսակի երկու տեսակ կա՝ քաղցր և կծու: Կծուն ախորժակ բացող նախուտեստ է: Պոնգալը մատուցում են բանանի տերևի վրա:





             Կանայք Պոնգալի նախօրեին նկարում են գեղեցիկ պատկերներ իրենց տան մուտքի մոտ: Այս նկարները կոչվում են կոլամներ: Այն նկարելու համար օգտագործում են բրնձի այլյուր և այլ գունավոր փոշիներ:






        Պոնգալը նման է հյուսիսային Հնդկաստանում հայտնի տոներից Հոլիին, ինչպես նաև Լոհրիին, որը տոնում են Պունջաբում:









                             
       Ես էլ միացա մեր հարևաններից մեկին և միասին նկարեցինք:  Եվ ինչպե՞ս է ստացվել:



Wednesday, March 2, 2016

ՄԱՐՄԱԼՈՆԳԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՄԱԴՐԱՍՈՒՄ

 

             Խոջա Պետրոս Ոսկանը հայ վաճառականների մեջ ամենահարուստն էր: Նա որդին էր Խոջա Ոսկանի և Խոջա Պողոսի թոռը՝ Ջուլֆայից:  Նա իր ժամանակի ամենանշանավոր հայն  էր Մադրասում և ասվում է, որ նա մի անգամ եղել է Մադրասի Խորհրդի անդամ:

Մարմալոնգի կամուրջը

                 1724 թվականին  Խոջա Պետրոս Ոսկան գալիս է Մադրաս և արդեն 1725-26  թվականներին  իր սեփական միջոցներով կառուցում է Մադրասի առաջին բազմակամար կամուրջը: Կամուրջը անվանել են  Մարմալոնգ,  քանի որ Ադիար գետի տարածքում եղել է փոքրիկ գյուղ՝ Մամբալամ անունով:


Հուշաքարը՝ եռալեզու



Add caption

            Կամուրջի սկզբնամասում տեղադրվել է  հուշաքար՝ երեք լեզուներով՝ հայերեն, լատիներեն և պարսկերեն:



         Կամուրջը գործել է մինչև 1966 թվականը, այն քանդվել  և մեկ այլ նոր կամուրջ է կառուցվել:


          Հուշաքարը մինչ այսօր կանգուն է, սակայն ունի պաշտպանության կարիք:
Հուշաքարի ետնամասում ընթանում է մետրոյի շինարարական աշխատանքներ: Շինարարության ու անուշադրության արդյունքում հուշաքարի կեսը  ծածկվել է շինարարական թափոններով և  արդյունքում հայերենով գրվածքը ընդհանրապես տեսանելի է:
         Եվս այսպես մի քանի տարի ու հուշաքարից ոչինչ չի մնա:


       Հուշաքարի շուրջը պաշտպանիչ պատ պետք է տեղադրել  մինչև շինարարության ավարտը, այլապես ևս մի պատմական հետք կանհետանա փոշու մեջ: