Ինչպես բոլոր ազգերն, այնպես էլ հնդիկներն ունեն հարսանիքները նշելու իրենց յուրահատուկ ավանդույթներն ու սովորույթները:
Հնդկական հարսանիքը տարբերվում է իր ճոխությամբ և գունեղությամբ: Ասեմ, որ երկրի տարբեր մարզերում հարսանիքները տարբեր ձև են կազմակերպվում, որը պայմանավորված է շրջանի սովորույթներով, կրոնով, ընտանիքի դասային աստիճանով և այլ հատկանիշներով: Այստեղ հարսնացույի զգեստի ոճից կարող են ասել թե նա, որ մարզից է:
Երեկ Մադրասում մասնակցում էի մի շատ գունեղ հնդկական հարսանիքի, որի մասին ուզում եմ պատմել ու Ձեզ էլ այդ հարսանիքի մասնակիցը դարձնել:
Եվ այսպիսով, մեր հարսնացուն Պուջան էր, իսկ փեսացուն՝ Նիտեշը: Նրանք հինդուիզմի հետևորդներ են՝ Հնդկաստանի Ջայպուր քաղաքից:
Հյուրանոցի մուտքի մոտ դրված այս պաստառը բոլորին տեղեկացնում էր, որ Պուջայի և Նիտեշի հարսանիքն է: Հարսանիքն ամբողջությամբ կազմակերպել էին Պուջայի ծնողները, քանի որ ավանդույթն է այդպիսին:
Պուջայի և Նիտեշի հարսանիքը |
Դեռ ամիսներ առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները, հյուրերին հրավիրելը և այլն: Զույգը շատ մեծ ուշադրությամբ ընտրում է հրավերի ձևանմուշը, որը տպագրելուց հետո փոստով ուղարկում են հյուրերին: Եվ ահա մեր հրավերը, որ ստացել էինք Պուջայի ծնողներից:
ը |
Հարսանյաց հանդեսի հրավեր |
Հնդկաստանում հարսանիքի ժամանակ զույգը նստում կամ կանգնում է հատուկ ձևավորված բեմի վրա՝ իրենց գեղեցիկ, գունեղ հագուստով ու արդուզարդով, իսկ հյուրերը՝ հերթով մոտենում են զույգին, տալիս իրենց նվերը և պարտադիր նկարվում նորապսակների հետ, որից հետո գնում են հատուկ անկյունում դրված ուտելիքներով լի սեղանների մոտ՝ հյուրասիրվելու:
Զույգը տատիկների հետ |
Հյուրերը կազմում են շարք և հերթով՝ իրենց գեղեցիկ փաթեթավորված նվերներով մոտենում են նորապսակներին:
Հյուրերի շարքը |
Հնդկաստանում հարսանիքների ժամանակ նորապսակները հիմնականում կրում են գեղեցիկ ծաղիկներով գործված ծաղկեշղթա, որը նշանակում է, որ իրենց նոր, համատեղ կյանք ծաղիկների պես գեղեցիկ լինի: Պարզվում է, որ Ջայպուրում, այդքան էլ շատ չեն հետևում այդ կանոնին:
Փեսացույի կոստյումին կապված գոտու մեջ աջ կողմում դրված է փող, իսկ ձախ կողմում՝ դանակ: Փողը նշանակում է հարուստություն, առանց խնդիրների կյանք, իսկ դանակը՝ ուժ, որով նա կարող է պաշտպանել իր <<թագուհուն>>:
Ինչպես բոլոր հյուրերը, այնպես էլ մենք մոտենալով զույգին նվիրեցինք մեր նվերը և նկարվեցինք՝ սովորույթի համաձայն:
Սա էլ մենք Պուջայի և Նիտեշի հետ / աջից առաջինը հարսնացույի հայրն է, ամուսինս, նորապսակները, հարսնացույի մայրը և ես/ |
Հնդկաստանում ոչ բոլոր հարսանիքների ժամանակ կարող ես լսել երաժշտություն՝ այն էլ կենդանի: Հիմնականում հրավիրվածները տալիս իրենց նվերները, նկարվում, օգտվում հյուրասիրությունից և այս ամենը կատարվում է առանց երաժշտությամբ: Այս հարսանիքի ժամանակ կար երաժշտություն, ասեմ ավելին՝ կենդանի երգեցողությամբ, որտեղ երգիչները կատարում էին հնդկական պարային ռիթմեր:
Երաժիշտները |
Ճաշկերույթը կազմակերպվել էր շատ հետաքրքիր ոճով՝ ափսեները դրված էին սրահի մի անկյունում: Հյուրերը վերցնում էին ափսեն ու հերթով անցնում սեղանների կողքով՝ համտեսելով մատուցվող ուտելիքները:
Տաք ուտեստներ |
Հարսանիքների ժամանակ օգտագործում են միայն զովացուցիչ ըմպելիքներ:
Զովացուցիչ ըմպելիքներ |
Պաղպաղակ |
Կտրտված միրգ և բանջարեղեն |
Կանայք տարբերվում էին իրենց գեղեցիկ սարիների հագնվելու ոճով:
Հյուրերի մեջ իր ոճով տարբերվող տատիկին որոշեցի նկարել ու նա մեծ հաճույքով համաձայնվեց:
Հնդկուհի՝ Ջայպուրից |
Իսկ վերջում ես նկարվեցի տատիկի ընտանիքի անդամների հետ, որոնց նա արդեն պատմել էր իրեն նկարելու մասին:
Ես ու շատ գեղեցիկ հնդկուհիները |