Pages

Sunday, July 26, 2015

ՄԱԴՐԱՍԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

   
        Գրեթե մեկ ամիս կլինի, որ Մադրաս քաղաքում շահագործվում է մետրոպոլիտենը:



         Այն մի քիչ թեթևացրել է քաղաքի երևթեկությունը՝ չնայած որ  շինարարական աշխատանքները  դեռ  ամբողջովին ավարտված չեն:
       Այժմ շահագործվում է ընդամենը 7 կանգառ: Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո վագոնները նույնպես կավելացնեն: Դրանք հիմա 4 են: 


      Մետրոպոլիտենի աշխատանքային ժամերն են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 10-ը:


     Բացման հաջորդ օրը ամուսնուս հետ մենք էլ գնացինք նորաբաց մետրոն շնորհավորելու:


      Եվ ահա իմ մետրոյի քարտը: Այն գնելու համար անհրաժեշտ է 100 ռուպի, որից 50-ը քարտի արժեքն է, իսկ մյուս 50-ը ենթակա է օգտագործման, այսինքն ամեն անգամ գումարը սպառվելու դեմքում հեռախոսի քարտի պես լիցքավորում ենք: 

Մետրոյի քարտ

     Մի կանգառից մյուս գնալու համար, այսինքն մուտք-ելք մեկ կանգառի համար արժե 12 ռուպի, իսկ եթե առաջին կանգառից գնում ես վերջին կանգառն, ապա 40 ռուպի է: Այն բավականին թանկ է, սակայն նոր է, արագ հասնում ես քո ցանկացած վայրն ու ամենակարևորը մաքուր է:



Friday, July 24, 2015

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

      Հնդկաստանը բոլոր առումներով հետաքրքիր երկիր է:

Իմ ավտոդրոցը Հնդկաստանում


     Քանի որ հիմա ապրում եմ Հնդկաստանում`  որոշեցի վարորդական վկայական ստանալ: Այն ավելի ազատ տեղաշարժվելու հնարավորություն կտա ինձ: Ինչպես գիտեք Հնդկաստանը այդքան էլ ապահով երկիր չէ ազատ տեղաշարվելու համար, սակայն այն քաղաքը /Մադրաս/ որտեղ ես եմ ապրում համարվում է ամենաապահով քաղաքը, որտեղ աշխատում ու ապրում են բազմաթիվ օտարերկրացիներ և ամեն օր օգտվում են հասարակական տրանսպորտից: Ամեն դեպքում ճիշտ է, ապահով է, բայց  մեքենա վարել իմանալը լավ բան է, և այսպես...


    Գնացինք մեզ շատ մոտ գտնվող ավտոդպրոցը, որի համար ես կարիք չունեի տրանսպորտ նստելու, ուղղակի պիտի քայլեի մոտ 10 րոպե: Այս դպրոցն ունի ավելի քան 30 տարվա պատմություն: Ուսուցիչը վարել սովորել է Մեծ Բրիտանիայում:  Ունեցել է բազում ուսանողներ, որոնց մեջ կանանց թիվը գերակշռում է, սա նշանակում է վստահելի անձնավորություն է:

Ուսուցչի հետ
       Դասերին մասնակցելու թույլտվություն ստանալու համար ինձնից պահանջվեց հետևյալ փաստաթղթերը.
  • ամուսնության վկայականի պատճեն,
  • ժամանակավոր բնակության վերաբերյալ տեղեկանքը՝ գրանցված հասցեով,
  • իմ և ամուսնուս անձնագրերի պատճեները, 
  • իմ վիզայի պատճենը, որով գտնվում եմ Հնդկաստանում,
  • լույսի վարձավճարի մեկ ամսվա չեկը,
  • 6 լուսանկար 
  • 7500 ռուպի ուսման վճար:
 
    Քանի որ ես օտարերկրացի եմ այդ իսկ պատճառով պահանջեցին այս բոլոր փաստաթղթերը: Բոլորը հանձնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում տեղեկացրեցին, որ ստացել եմ թույլտվությունը դասերին մասնակցելու: 
     Հնդկաստանում մեքենա վարել սովորելու համար նախ պետք է ստանալ ուսանողական վարորդական իրավունք /student license/:

Ուսանողական վարորդական իրավունք
     Ուսանողական վարորդական իրավունքը ստանալու համար պետք է հանձնել տեսական քննություն <<շաբլոն>>, որն իրենից ներկայացնում է համակարգչային քննություն և ի տարբերություն Հայաստանի այստեղ ընդամենը 6 հարց է: Ես  ստացել եմ 100 % ճիշտ արդյունք, որից հետո  լրացրել եմ պահանջվող փաստաթղթերն ու 3 օր հետո ստացել ուսանողական վարորդական իրավունքն: Այն վավեր է 6 ամիս, որի ընթացքում պետք է սովորել վարել և դիմել վարորդական իրավունք ստանալու համար:


    Տեսական քննության նախապատրաստվելու համար ունեցել եմ 1 ժամ տևողությամբ դաս, որի ընացքում ուսուցիչը բացատրեց այն բոլոր նշանները, որոնք օգտագործվում են Հնդկաստանում՝ համապատասխան օրենսդրությամբ հաստատված, սակայն իրականում այստեղ այդ կանոնների գերակշիռ մասը  չի օգտագործվում: Իհարկե բացի այս կանոնները կան նաև չգրված կանոններ, որոնց ավելի շատ են հետևում: Այսինքն առանց այս չգրված կանոնները իմանալու վարելը շատ դժվար կլինի:


  Տեսական քննության նշանները շատ քիչ են եթե համեմատենք Հայաստանի համապատասխան քննության հետ:  
  Ուսման ամբողջ կուրսը բաղկացած է 20 դասից, յուրքանչյուր դասի ընացքում պարտադիր պետք է վարել 4 կմ, այսինքն ամբողջ կուրսի ընթացքում 80 կմ:


         Առաջին դասից սկսած սովորեցնում են վարել մեքենան բանուկ փողոցում: Զարմացել էի, քանի որ ես վարել չգիտեի շատ էի վախենում: Այնքան շատ մարդիկ կան, այնքան, շատ մեքենաներ...
         Ուսուցիչս ծիծաղեց և ասաց հենց դրա համար էլ սովորում եմ վարել, որ չվախենամ ու փորձեմ վարել:
       Մի խոսքով, շատ տպավորված էի իմ առաջին դասից ու հաճույքով գնացի մյուս բոլոր դասերին: Մեկ շաբաթ անց, ինձ հարցրեց, արդյոք մինչ իր մոտ սովորելը հաստատ վարել չեմ իմացել???
      Շատ տպավորված էր իմ ընդունակություններով ու ընդամենը  10 դասի էի մասնակցել ասաց, որ ես հիմա պատրաստ եմ քննությունը հանձնելուն: Ասում էր, որ շատ արագ եմ սովորում ու լավ եմ կողմնորոշվում Հնդկաստանի այս խայտաբղետ երթևեկության մեջ:
     Այստեղ շատ դժվար է մեքենա վարելը՝ եռակի կամ ավելի ճիշտ քառակի անգամ ուշադրություն է պահանջվում: 
       Քաղաքի ներսում առավելագույն  թույլատրելի արագությունը 40 կմ/ժ, սակայն 20 կմ/ժ -ից ավելին չես կարող վարել: Իսկ միջքաղաքային երթուղիներում առավելագույն թույլատրելի արագությունը 60կմ/ժ է:

Վարորդական վկայականս

          Մեքենաները շատ են, մարդիկ քայլում են փողոցներում, մոտոցիկլետները նույնպես շատ են, որոնք շատ են խանգարում նորմալ երթևեկելուն:Փողոցներում մայթեր գրեթե չկան, իսկ եթե կան ապա այնտեղ քայլել հաստատ հնարավոր չէ: 
         Մի խոսքով Հնդկաստանը լի է  խայտաբղետ գույներով, որոնք ամենուր են:



        Բոլորիս մաղթում եմ Կանաչ ճանապարհ...

Thursday, July 9, 2015

ՕՐՈՎԻԼ

            Օրովիլը  փորձարարական քաղաք-ավան է  Վիլուպուրամ շրջանում, Հարավային Հնդկաստանում:  Այն հիմնադրվել է 1968 թ-ին՝  Միրա Ալֆասի կողմից: Այս քաղաքի ճարտարապետն է  Ռոջեր Էնջերը: 





     Օրովիլը ունիվերսալ քաղաք է, որտեղ տարբեր երկրների, կրոնի ու ազգային պատկանելության տղամարդիկ և կանայք կարող են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Այս քաղաքի նպատակն է գիտակցել մարդկային միասնությունը:





     Օրովիլի հիմնադիրը կամ ինչպես իրենք են ասում <<մայրը>> ստեղծել է կանոնադրություն, որը բաղկացած է 4 կետից.

  • Օրովիլը չի պատկանում որևէ մեկին, այն պատկանում է մարդկությանը որպես ամբողջություն,
  • Օրովիլը կլինի վայրը անվերջանալի կրթության, մշտական առաջընթացի ու երիտասարդության՝ առանց տարիքային սահմանափակման, 
  • Օրովիլը ցանկանում է լինել կամուրջը անցյալի ու ապագայի միջև ,
  • Օրովիլը կլինի կենտրոն նյութական և հոգևոր հետազոտությունների համար, որը կլինի կենդանի մարմնավորումը մարդկության միասնության:
             







                       Քաղաքի կենտրոնում գտնվում է Մատրամնդիրը, որը շատ յուրահատուկ ճարտարապետական նվաճում է: Ներսում պահպանվում է կատարյալ լռություն, որը ապահովում է տիեզերական հանգստությունը: Մատրամնդիրն շրջապատող տարածքում իշխում է խաղաղության մթնոլորտը: Գմբեթի մակերևույթին կա 56 կգ ոսկի:









      Մատրամնդիրը հագեցված է արևային էներգիայի կայանով և շրջապատված է այգիներով: 
            Քաղաքի տարածքում կան չորս <<գոտիներ>>. 
<<Բնակելի գոտի>>
<<Արդյունաբերական գոտի>>
<<Մշակութային  և կրթական գոտի>>
<<Միջազգային գոտի>>:





          Քաղաքի շուրջը գտնվում է կանաչ գոտին, որը հանդիսանում է շրջակա միջավարի ուսումնասիրության և ռեսուրսային կենտրոնը: Այն իր մեջ ներառում է բուսաբանական այգի, սերմերի բանկ, բուժիչ և բուսական բույսերի աճեցման վայր և այլն:



         Օրովիլի հիմնադրամը ինքնավար մարմին է Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության ենթակայության տակ, որը կառավարվում  է Հնդկաստանի խորհրդարանի համապատասխան ակտի միջոցով:




     Օրովիլի հիմնադրամը բաղկացած է երեք մարմիններից՝ բնակիչների ժողով, կառավարման խորհուրդ և միջազգային խորհրդատվական խորհուրդ:




      Օրովիլը ծառայում է Ճշմարտությանը, այն վեր է սոցիալական, քաղաքական ու կրոնական համոզմունքներից: Այստեղ անում են ամեն ինչ, որպեսզի պահպանեն խաղաղությունը, անկեղծությունն ու ճշմարտությունը:


        Այն ի սկզբանե նախատեսված է եղել 50,000 բնակչի համար, սակայն այժմ այնտեղ բնակվում են մոտ 5000 մարդ, որոնց մեծ մասը արտասահմանցիներ են՝ մոտ 50-ազգությունների:


         Քաղաքի ներսում չի կիրառվում որևէ թղթադրամ կամ մետաղադրամ: Բնակիչներին տրվում են հաշիվ- չեկեր, որոնց միջոցով նրանք կարող են օգտվել քաղաքում մատուցվող ծառայություններից:


          Բնակիչը կատարում է որևէ աշխատանք և դրա դիմաց ստանում է այդ չեկը: Օրինակ՝ մասնակցում է բուժիչ բույսերի մշակման աշխատանքներին և ամեն օր ստանում է համապատտասխան չեկ, որով նա կարող է մտնել քաղաքի որևէ խանութ, որը Օրովիլի հիմնադրամի կազմում է և ձեռք բերել իր չեկին համապատասխան իրեր:


       Օրովիլի հիմնադրամը տնօրինում և կառավարում է Հնդկաստանի կառավարությունը, սակայն այն ֆինանսավորում է միայն մի փոքր մասը՝ մոտ 33 %, մյուս մասը կազմում են նվիրատվությունները: Քաղաքում կան հյուրատներ, շինարարական միավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոքր և միջին բիզնես:  Իրենք տեղում արտադրում են ձեռագործ իրեր, հուշանվերներ, գրենական պիտույքներ, խունկի ձողիկներ, որոնք Օրովիլի խանութը վաճառում է Հնդկաստանում և արտերկրում: Այդ գործունեությունը ապահովում է որոշակի շահույթ, որն էլ ուղղում են քաղաքի հետագա զարգացման գործին:


            Այստեղ ապրում և աշխատում են մարդիկ, ովքեր նաև կամավոր իրականացնում են անտառապատման, օրգանական գյուղատնտեսության, հիմնական կրթական հետազոտական, առողջապահական և այլ ծառայություններ:


         Այս տարածքում զգում ես շատ հետաքրքիր դրական էներգիա, որն էլ այստեղ է բերել ու դեռ բերելու է բազմաթիվ զբոսաշրջիկների:



Մանրամասն քաղաքի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջից՝

Thursday, July 2, 2015

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԷՋՄԻԱԾՆԻՑ

       
          Նախորդ հարսանեկան նյութերում խոսել եմ միայն հնդկական հարսանիքների մասին, իսկ այսօր որոշել եմ գրել հայ-հնդկական հարսանիքի մասին:

Հասմիկ և Առուն /Հայաստանում/

Հասմիկ և Առուն /Հնդկաստանում/
         
               Հասմիկի հետ վերջերս եմ ծանոթացել: Նա շատ խելացի, կիրթ անձնավորություն է: Նրա հետ զրուցելու ընթացքում միտք առաջացավ գրել իրենց  հայ-հնդկական հարսանիքի մասին: Այդ մասին զրուցեցի Հասմիկի հետ և նա մեծ սիրով համաձայնվեց ու տրամադրեց նկարներ, վիդեոներ և պատմեց որոշ մանրամասներ իրենց գեղեցիկ պատմությունից:



      Եվ այսպես, մեր հարսնացուն Հասմիկն է, Էջմիածին քաղաքից: Նա մասնագիտությամբ մանկավարժ-լեզվաբան է: Ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը: Փեսացուն՝ Առունն է, Հնդկաստանի Մումբայ քաղաքից: Նա մասնագիտությամբ զարդերի մոդելավորող-դիզայներ է: Այժմ նրանք ապրում են Քաթարում:



           Նրանց գեղեցիկ սիրո պատմությունը սկսվել է 2010 թվականին ու անցել է բավականին բարդ, դժվարություններով լի ուղղի:


           Հասմիկը միշտ երազել է Հնդկաստանի մասին, այն եղել է իր երազանքների երկիրը:  Դեռևս դպրոցական տարիներին միշտ ինքն է պատմել Հնդկաստանի հետ կապված բոլոր թեմաները: Նույնիսկ ասել է, որ մի օր գնալու է իր երազանքների երկիրը, բայց կյանքը պատրաստել էր հետաքրքիր անակնկալ Հասմիկի համար:

Հասմիկ

              Իրենց ծանոթությունից հետո նրանք սկսում են շփվել և մի օր Առունը գալիս է Հայաստան: Հասմիկի հայրը  շատ խիստ հայ տղամարդ լինելով, երբ իմացել է Առունի մասին շատ ուժեղ բարկացել է և դեմ է եղել նրանց շփմանը:  Նա փակել է բոլոր հնարավոր ուղղիները, որոնց միջոցով Հասմիկը կարող էր կապ հաստատել Առունի հետ՝ անջատել է ինտերնետը, վերցրել է հեռախոսը, նույնիսկ չի  թուլատրել նրան դուրս գալ  տնից: Մի օր Հասմիկի հայրը որոշում է հանդիպել Առունի հետ և նա հանդիպման է գնում  թարգմանչի ուղեկցությամբ:



                Առունը կարճ ժամանակով էր Հայաստանում ու քանի որ Հասմիկի հայրը չէր թույլատրում նրանց հանդիպել  նա փորձում էր անել ամեն  ինչ, որ գոնե հեռվից տեսնի Հասմիկին: Հասմիկի ընկերուհու օգնությամբ գնում էր նրանց շենքի մոտ  որպեսզի հեռվից տեսնի իր սիրելիին,  իսկ Հասմիկը վախենալով նայում էր պատշգամբից :


               Մի օր ընկերուհու օգնությամբ   Առունն ու Հասմիկը պայմանավորվում են հանդիպել Էջմիածնի Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, քանի որ մյուս օրը Առունը պիտի գնար Հայաստանից: Երբ հայրը տանը չէր Հասմիկը կարողանում է շատ կարճ ժամանակով դուրս գալ տնից:  Նա պատմում է, որ չհասկացավ թե ինչ արագությամբ հասավ եկեղեցու բակ, որտեղ Առունը անհանգիստ հայացքով կանգնած էր: Նրանք հայացքով  միմյանց հասկացրին , որ չպետք է ցույց տալ, որ իրար ճանաչում են, քանի որ հնարավոր էր ծանոթ մարդիկ լինեին այնտեղ: Նրանք նստել էին իրարից հեռու, սակայն նայում էին իրար ու արցունքները հոսում էին Հասմիկի աչքերից: Հասմիկը  մոտենում է Առունին, կանգնում է նրա կողքն ու միասին  մոմ են վառում, աղոթում, որից հետո Հասմիկը տալիս է մի թուղթ Առունին, իսկ Առունը Հասմիկին է տալիս իր թալիսմանը, որը կրել էր մանկուց ի վեր ու մեր հարսնացուն վազելով հեռանում եկեղեցուց՝ նա դեռ պիտի հասցներ տուն հասնել մինչև հայրը կվերադառնար:



              Այս ամբողջ ընթացքում Հասմիկի մայրը, ինչպես բոլոր մայրերը՝ հասկանալով աղջկա զգացմունքները աջակցում էր նրան:



                  Առունի մեկնելուց հետո նրանք երկար ժամանակ էր լուր չունեին իրարից:


           Հասմիկի հայրը տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում փոխել աղջկա` հնդիկ տղայի հետ ամուսնանալու միտքը, նա մի օր Հասմիկին տանում է քահանայի մոտ զրույցի, ով ապրել էր Հնդկաստանում: Նա պատմում է Հնդկաստանի մասին, այնտեղի կյանքի տարբերության մասին ու փորձում համոզել Հասմիկին, սակայն այդ ամենը ապարդյուն էր, նա արդեն որոշել էր:


              Այդ ընթացքում քանի որ կրքերը համեմատաբար հանդարտվել էին, Հասմիկն ու  իր հայրը մի օր շատ լուրջ ու երկար զրույց են ունենում, որից հետո հայրն հասկանում է, որ ինչքան էլ արգելքներ դնի, եթե իրար սիրում են, ամեն ինչ անզոր է այդ ուժի դեմ: Նա հասկացավ, որ այդպես միայն ցավացնում էր նրանց ու որոշեց մի քիչ մեղմ լինել:


              Արդեն հաջորդ տարի՝ 2012 թվականին  Առունը Հայաստան է գալիս իր հոր հետ: Նրանք  գնում են Հասմիկենց տուն ՝ աղջկա ձեռքը խնդրելու: Ասեմ այս հարցում, մեր զույգին շատ է օգնում տիկին Սանտուշը, ով հնդկուհի է, ամուսնացած է և երկար տարիներ է ինչ ապրում  և աշխատում է Հայաստանում: Երբ հյուրերը արդեն իրենց տանն էին, նրանց հետ զրուցելուց հետո Հասմիկի հայրը ավելի է մեղմանում, միայն նեղվում է անգլերենից, սակայն դա նրանց չխանգարեց, որ հավանեն իրենց ապագա փեսային:





       Եվ ահա 2013 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ Հասմիկի և Առունի նշանադրությունը, որը շատ մեծ շուքով նշվեց Հայաստանում:



         Նշանադրությունից հետո Առունը խնդրում է Հասմիկի հորը, որ  թույլատրի Հասմիկին գնալ Հնդկաստան՝ Առունի բարեկամների հետ ծանոթանալու համար:




             Հնդկաստան այցի մասին նա ասաց, որ շատ տպավորված էր հնդկական տաճարներով, մանրանկարչությամբ, հնդկական գունային գամմայով ու դրական աուրայով:  Հասմիկը պատմում է, որ իրեն շատ է դուր եկել Ջայպուր քաղաքի գեղեցիկ շինություններն  ու  խանութներում սպասարկման ձևը:



                Իրենց Հնդկական հարսանիքը եղեկ է Մումբայ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում այդ հարսանիքից որոշ նկարներ ու վիդոներ:
                    Հարսանեկան արարողության ատրիբուդները.

Հինա








Կոկոս՝ պտղաբերության խորհրդանիշ
                        Ահա գալիս են մեր հարսն ու փեսան:

Հարս


Փեսա





Ծնողների ոտքերն են լվանում ի նշան հարգանքի







Հարսանեկան տորթը







Առունը հագցնում է ոտքի մատին մատանի , որը նշանակում է  Հասմիկն  արդեն ամուսնացած է


              
              Առունը Հայաստան այցից հետո շատ է հավանել մեր երկրը, հատկապես Երևանը: Նա նույնիսկ մտածում է մի օր գալ ու մշտական բնակություն հաստատել Երևանում:



                Հունիսի 29-ին լրացավ մեր այս գեղեցիկ զույգի ամուսնության մեկ տարին: Սիրով շնորհավորում եմ նրանց ու ցանկանում անսպառ սեր ու երջանկություն...



Հարսանեկան վիդեոները կարող եք նայել ներքևում տեղադրված հղումներով: